Saturday, January 25, 2014

Ոչ կատարյալ մրցակցություն

Ոչ կատարյալ մրցակցություն է համարվում մրցակցության այն տեսակը, որտեղ չեն իրականանում կատարյալ մրցակցությանը բնորոշ պայմանները, այսինքն այս դեպքում արտադրողների թվաքանակը կրճատվում է, նրանք հնարավորություն են ստանում ազդելու գնի վրա, արտադրանքը դառնում է դիֆերենցված։
 Տարբերում են ոչ կատարյալ մրցակցության երեք հիմնական տեսակ.
Մոնոպոլիստական մրցակցություն, որը բնորոշվում է շուկայում գործող համեմատաբար մեծ թվով ֆիրմաներով, որոնք արտադրում են դիֆերենցված ապրանքներ։
Օլիգոպոլիա, երբ տվյալ ճյուղում գործում են ոչ մեծ քանակությամբ ֆիրմաներ։
Մոնոպոլիա, երբ շուկայում տվյալ ապրանքի կամ ծառայության ողջ առաջարկը պատկանում է միայն մեկ ֆիրմայի։
Զարգացած շուկայական համակարգ ունեցող երկրներում արտադրության գրեթե բոլոր ճյուղերում իշխում են մի քանի խոշոր ֆիրմաներ՝ մոնոպոլիաներ, իսկ ընդհանրապես ճյուղում տիրում է օլիգոպոլիան։ Բայց, ամեն դեպքում, այդ շուկաներում զգալի տնտեսական իշխանություն ունեն սահմանափակ թվով ֆիրմաներ։ Այստեղից հետևում է, որ առաջին հերթին այդ ֆիրմաները կարող են ազդել գների վրա։ Իրականում դա այդպես է։ Նրանք գին են նշանակում այնպես, որ ապահովեն բարձր շահույթ, այսպիսով փոխվում է ապրանքների իրացման պայմանները և, բնականաբար, փոխվում են նաև մրցակցության ձևերն ու մեթոդները։ Եթե կատարյալ մրցակցության դեպքում տնտեսական մրցակցությունը ընթանում էր այն ուղղությամբ, որ շահում էր այն ձեռնարկատերը կամ ձեռնարկատերերը, ովքեր արտադրում էին ցածր ծախսերով, թողարկում էին որակյալ ապրանք, ապա ոչ կատարյալ մրցակցության դեպքում այս բոլորը բացակայում են։ Շուկան սկսում է խեղաթյուրվել։ Գրեթե դադարում են գործել առաջարկի և պահանջարկի օրենքները և, հետևաբար, չի կատարվում ազատ գնագոյացում։ Մրցակցային պայքարը դառնում է ավելի դաժան և թանկ։ Ի վերջո, ֆիրմաները գալիս են այն եզրակացության, որ ավելի լավ է գաղտնի համաձայնություն կնքել մրցակիցների հետ և այդպիսով սահմանափակել մրցակցությունը։
 Այսպիսով, շատ հաճախ մրցակցության այս տեսակը ունենում է բացասական հետևանքներ։ Դրանցից են՝ եկամուտների բաշխման անհավասարությունը՝ ի շահ մոնոպոլիաների և ի վնաս մանր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ռեսուրսների ոչ ռացիոնալ բաշխումը և, դրա հետ կապված, բնակչության կենսամակարդակի խիստ անկումը։
Քանի որ ոչ կատարյալ մրցակցությունը տիրապետող է այն շուկաներում, որտեղ արտադրողները կարող են ազդել շուկայական գնի վրա՝ բարձրացնելով կամ ցածրացնելով այն, այդ պատճառով այդպիսի պահաջարկի կորը կպատկերվի հիպերբոլի նմանվող  նվազող կորի տեսքով։

Այժմ կփորձեմ անդրադառնալ ոչ կատարյալ մրցակցության երեք հիմնական տեսակներին առանձին-առանձին, և նրան, թե ինչ դեր է  կատարում պետությունը տնտեսական մրցակցության պաշտպանման և մոնոպոլիաների սահմանափակման գործում։                                                                                                                                                 Շարունակելի...