Friday, July 4, 2014

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ





Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք եզակի նմուշներով գտնված Աքեմենյան, Միլեթյան և Աթենական արծաթե դրամներ են: Հայտնի է, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապներ Տիրիբազոսը և Օրոնթոսը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: 


Մետաղադրամները Հայաստանում մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի (Ք.ա. IV դարի երկրորդ կես) սկզբից: Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու (Ք.ա. 356- 323 թթ.) արծաթե դրամները փոքր Ասիայից և Միջագետքից թափանցում էին հայկական շուկաներ: 



Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ եւ արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: 



Ք.ա. III դարի երկրորդ կեսից Ծոփքի հայ արքաները՝ Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական դրամներ: 



Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. - Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվում էին ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայի քաղաքներում (Անտիոք, Դամասկոս): 



Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Ավելի ուշ՝ շրջանառության մեջ են դրվել նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները: 



Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից (VII -X դարեր) հետո դրամաշրջանառությունը կատարվում էր Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ՝ Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվում էին արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և սահմանափակ քանակով ոսկե դինարներ: 



X դարի վերջին արծաթե դիրհեմները փոխարինվում են Բյուզանդական ոսկե դրամներով, որոնք տարածաշրջանում կատարում են համաշխարհային դրամի դեր: Զուգահեռ շրջանառության մեջ սկսում են թափանցել սելջուկ տիրակալների մետաղադրամները: 



Բագրատունյաց հարստության (885- 1045 թթ.) թագավորների դրամները հայտնի չեն: Սակայն մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները: Դրանք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են, որոնց վրա եղած մակագրությունները կատարված են հայերենով: Այս մետաղադրամները հատված են պղնձից և ամբողջությամբ ձևավորված նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով: Սակայն կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ: 



XI դ. վերջին Փոքր Հայքի և Ծոփքի տարածքում հիմնադրվեց Կիլիկյան Հայկական պետությունը (1080-1375 թթ.), որը սկզբում իշխանություն էր (1080-1199 թթ.), ապա վերածվեց թագավորության (1199-1375 թթ.): Իշխանապետության շրջանի մետաղադրամները հազվագյուտ են և հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի մետաղադրամները բազմազան են և հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե և սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն, ինչպես նաև լատիներեն մակագրություններով. դրվագվել են նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ հայատառ և արաբատառ մակագրություններով: 



Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից և եղել են տարբեր անվանական արժեքների՝ երկդրամ, դրամ, կես դրամ: Հետագայում, տնտեսա-քաղաքական գործոնների ճնշման տակ, թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ: Պղնձե մետաղադրամներից թողարկվել են դանգեր, քարտեզներ և փողեր: 
Որոշ Կիլիկյան արքաներ թողարկել են նաև օծման դրամներ, իսկ Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) օրոք, Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ դրվագվել են այսպես կոչված երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով: 
Իր թագավորման սկզբում Լևոն Ա-ն (1199-1216 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ: Կիլիկյան հայոց պետության դրամները թողարկվում էին մայրաքաղաք Սիսում, և Այաս ու Տարսոն քաղաքներում: 

XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններ են թափանցում վրաց թագավորների դրամները՝ հիմնականում պղնձե և սակավաթիվ քանակով՝ արծաթե: XIII դարի 30-ական թվականներից սկսած՝ Հայաստանի դրամաշրջանառության մեջ թափանցել են մոնղոլական տիրակալների դրամները՝ արծաթե դիրհեմներն ու երկդիրհեմները և սակավաթիվ պղնձե ֆելսերը:
Մոնղոլական տոհմի Հուլավույանների թողարկված մետաղադրամների հիմնական միավորները եղել են արծաթե դիրհեմները և երկդիրհեմները, ինչպես նաև պղնձե ֆելսերը, որոնք շրջանառության մեջ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում: Հուլավույաններից Աբաղա, Օլջյթու, Աբու Սահիդ, Ղազան Մախմուդ և այլ խաների դրամները լայն շրջանառել և գործածվել են տեղական բնակչության կողմից: Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջին ժամանակահատվածում շրջանառել նաև վրաց գահակալների կողմից թողարկված մետաղադրամները:
XV-րդ դարից Հայաստանի տարածքի արևելյան մասն անցնում է պարսկական տիրակալների, իսկ արևմտյան մասը՝ թուրքական սուլթանների իշխանության ներքո:
XV-XVIII դարերում Հայաստանի տարածքի արևելյան մասում դրամաշրջանառությունն իրականացվում է պարսկական շահերի տարբեր տոհմերի, այդ թվում Սեֆևյանների, Աֆշարների, Զենդերի և Ղաջարների դրամական թողարկումներով:
Իսկ Հայաստանի տարածքի արևմտյան մասում դրամաշրջանառությունն իրականացվել է թուրքական սուլթանների դրամական թողարկումներով: 
Հայաստանի տարածքում լայն շրջանառության մեջ են եղել ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամները: Նշված ժամանակաշրջանում մետաղադրամներ էին հատվում Հայկական խոշոր կենտրոններում` Երևանում, Նախիջևանում, Գյանջայում, Վանում, Կարսում, Էրզրումում և այլն:




Ղարաբաղի խանություն 



1588 թվականին Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են Պարսկական միապետների տիրապետության տակ: 
18-րդ դարի երկրորդ կեսին Պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսաանկախ խանություններ՝ Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն: Խանությունները թողարկում են իրենց մետաղադրամները: 
Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղի տարածքում գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադում՝ ներկայիս Շուշի: Քոչվոր մահմեդական ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալի խանը գրավում է Շոշ գյուղի բերդը: Հետագայում օգտվելով Պարսից շահի վստահությունից իրեն հռչակում Ղարաբաղի խան: 
Ղարաբաղի խանությունը կարճ ժամանակահատվածում՝ 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը թողարկել է մետաղադրամներ: Իբրահիմ Խալիլ Խանի (1763-1806 թթ.) կողմից թողարկվել են արծաթե աբասիներ և պղնձե կես բիստիներ: Նրան հաջորդած Մահդի Կուլի Խան Մուզաֆարը (1806-1822 թթ.) թողարկել է արծաթե աբասիներ: Մետաղադրամներին նշված է թողարկման վայրը՝ Փանահաբադ:
Աբասիները ունեցել են 2.0-2.3 գ քաշ և լայն շրջանառել են նաև Պարսկաստանի տարածքում: 1 բիստին հավասար է եղել 20 դինարի, իսկ 1 աբասին՝ 200 դինարի: 
Նշված տարածքները Գյուլիստանի պայմանագրի (1813 թվական) կնքումից հետո Պարսկաստանից անցնում են Ռուսաստանի կայսրությանը: 
Ռուսաստանի կայսրության տիրակալության տակ գտնվելիս այդ տարածքները 1868 թվականից ընդգրկվել են Ելիզավետպոլի (Գյանջա) նահանգի կազմում: 



XIX դարի առաջին կեսին Հայաստանի արևելյան մասն ընդգրկվում է Ռուսաստանի կայսրության կազմում: Եվ մինչև 1917 թվականի վերջը Հայաստանում դրամաշրջանառությունը սպասարկվում է Ռուսաստանի կայսրության դրամանիշերով: XIX դարից Հայաստանի տարածքում առաջին անգամ սկսում են շրջանառել Ռուսաստանի կայսրության թղթադրամները: 
Նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի կայսրության թողարկումները եղել են շատ բազմազան, այդ թվում պղնձե, արծաթե և ոսկե մետաղադրամներ և պետական վարկային տոմսերի տեսքով թղթադրամներ: 



Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաս-տանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայս¬րության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկա¬սյան կոմիսարիատ անվանումով: 1917 թվականի նոյեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատի ղեկավարությունը (Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների կոմիսարն էր Խաչատուր Կարճիկյանը) որոշում է ընդունում թողարկել նոր թղթադրամների շարք: 



1918 թվականի փետրվարին Անդրկովկասում` այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: 
Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հաշվի առնելով նշված փաստը հայազգի դրամագետների մեծ մասի կողմից վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ։ 
Անդրկովկասյան կոմիսարիատի բոները թվագրված են 1918 թվականով և թողարկված 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա¬նական արժեքներով: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվա¬գծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ` Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան):
Այս շարքի թղթադրամներին առկա գրառումները կատարված են ռուսերեն, միայն շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: 
Թղթադրամների վրա եղած անհատական համարը բաղկացած է ռուսերեն այբուբենի երկու տառից և քառանիշ թվանիշից: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: 
Կից ներկայացվելու են նաև 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա¬նական արժեքներով թղթադրամների երկու երեսների լուսանկարները:




Հայաստանի Առաջին Հանրապետություն 



1918 թվականի մայիսին Անդրկովկասյան կոմիսարիատը լուծարվում է և Անդրկովկասում ստեղծվում են անկախ պետություններ: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն: Հայաստանի Հանրապետության նորաստեղծ ֆինանսների նախարարությունը ծրագրում է թողարկել նոր դրամանիշերի շարք:
Հաշվի առնելով, որ թղթադրամների նոր շարքի թողարկման համար կպահանջվեին զգալի ֆինանսական միջոցներ և երկարատև ժամանակահատված, ուստի դրամաշրջանառության անխափան գործունեության ապահովման նպատակով 1919 թ. օգոստոսին թողարկվում են Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը: Նախատեսվում էր, որ չեկերը պետք է ժամանակավոր բնույթ կրեին և երեք ամիս հետո փոխանակվեին թղթադրամներով: 
Չեկերը պատրաստվել են երկու հիմնական չափսերի, ունեցել են երեք թողարկում և երկու տիպի ըստ մարման ժամկետի` 15.11.19թ. և 15.01.20թ.: Թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով: Առկա մակագրությունները կատարված են ռուսերեն: Միայն փոքր չափսի չեկերի դիմերեսի վերևի երկու անկյուններում զետեղված է նաև անվանական արժեքը նաև հայերենով: Չեկերին նշված են սերիան և համարը, ինչպես նաև հինգ տարբեր պաշտոնյաների ստորագրություններ:
Հայաստանի Հանրապետության վերջին ժամանակաշրջանում (հունիս 1920 թ.) շրջանառության մեջ մտան 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները: 
Թղթադրամները նրբագեղ են, գեղեցիկ ձևավորված և թվագրված 1919 թվականով: Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն մասամբ առկա են մակագրություններ նաև ռուսերենով և ֆրանսերենով: Առկա են նաև մինիստրների նախագահ՝ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների մինիստր՝ Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Դրամանիշերի անհատական համարը բաղկացած է մեկ հայերեն տառից և վեցանիշ թվից:
Թղթադրամների շարքը համատեղ ձևավորել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաջյանը, իսկ տպագրությունը իրականացվել է Լոնդոնում` «Վաթերլո և որդիներ» ընկերության կողմից: 
Կից ներկայացվելու են նաև 5-ից մինչև 10000 ռուբլի անվանական արժեքներով չեկերի և 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամների երկու երեսների լուսանկարները: 




Խորհրդային Հայաստան 



Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները: Մինչ վերջիններիս թողարկելը նախ շրջանառության մեջ դրվեց Պետական բանկի Երևանյան բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը:
Ավելի ուշ թողարկվեցին 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով 1921 թ. նմուշի թղթադրամները: Վերջիններս տպված են հաստ թղթի վրա, առանց ջրանիշի և հիմնական մակագրությունները հայերեն են: 10000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը հայտնի է նաև ջրանիշով: 
Ձևավորումը կատարված է ազգային նախշերի օգտագործմամբ: Թղթադրամները թողարկվել են առանց սերիայի և համարի: Տպագրված են հաստ թղթի վրա: Թղթադրամներին առկա են երկու պաշտոնյաների ստորագրությունները: 
1922 թվականի թողարկումները ներկայացված են 25000, 100000, 500000, 1000000 և 5000000 ռուբլի անվանական արժեքների թղթադրամներով և 5000000 ռուբլի անվանական արժեքի պարտագրով: Դրամանիշերի վրա եղած մակագրությունները կատարված են հայերեն և ռուսերեն: Տպագրությունն իրականացված է բարակ թղթի վրա: Դրամանիշերի առանձին անվանական արժեքների թղթադրամներին նշված է միայն սերիան, իսկ մյուսներին` միայն համարանիշը: Իսկ 1000000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը չունի ոչ սերիա և ոչ էլ համարանիշ: 
500000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը հայտնի է որպես փորձանմուշ` այն շրջանառության համար չի տպագրվել: 
5000000 ռուբլի անվանական արժեքով պատմագիրը տպված է միակողմանի, բարակ թղթի վրա և բոլոր առկա մակագրությունները հայերեն են: Պատմագիրն ունի երկու հայերեն տառերից բաղկացած սերիա և քառանիշ թվով ներկայացված համարանիշ: Հայտնի են տարբերակներ առանց ջրանիշի: Պարտագրի դաշտի վերին մասում մանր անցքերով դակված է արժենիշը և կան երեք պաշտոնյաների ստորագրությունները: Վերջիններիս շրջանառության մեջ լինելու ժամկետը նշված է մինչև 01.01.23 թ., իսկ նրանց փոխանակման ժամկետը՝ մինչև 01.07.23 թ.:
1923 թվականին պատրաստվել է մեկ չերվոնեց անվանական արժեքով պարտագիր, որը սակայն շրջանառության մեջ չի թողարկվել: Ձևավորված է գեղեցիկ, ազգային տեսարանների և պատկերների օգտագործմամբ: Բոլոր մակագրությունները հայերեն են և առկա են չորս պաշտոնյաների ստորագրությունները: Տպված են բարակ թղթի վրա և ունեն երկու հայկական տառերից բաղկացած սերիա: Համարանիշը բացակայում է: Շրջանառության մեջ լինելու ժամկետը նշված է մինչև 01.01.24 թ.:
Կից ներկայացվելու են նաև թվով վեց թղթադրամների երկու երեսների լուսանկարները:




Անդրկովկասյան ֆեդերացիա 



1923 թվականին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները միավորվեցին և ստեղծվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն (ԱՍԽՀՖՄ), որը թողարկեց իր դրամանիշերը: 
1923 թվականին թողարկվեցին հետևյալ անվանական արժեքների դրամանիշները՝ 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1000000, 5000000 և 10000000 ռուբլի: Թղթադրամները տպված են բարակ թղթի վրա և հայտնի են տարբերակներ` առանց ջրանիշի և դարձերեսի ձևավորման որոշակի փոփոխությամբ: Մակագրությունները կատարված են հայերեն, ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Սերիան բաղկացած է մեկ ռուսական տառից, իսկ համարանիշը՝ հնգանիշ թվից: Առկա են մակագրություններ նրանց շրջանառության մեջ լինելու, վրացական բոներին հավասարեցման, ինչպես նաև երեք հանրապետությունների ղեկավարների ստորագրությունները: 
1924 թվականին ԱՍԽՀՖՄ-ը վերակազմավորվեց Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության և վերջինիս կողմից թողարկվեցին հետևյալ դրամանիշերը՝ 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքներով:
Այս դրամանիշերը կարելի է բաժանել ըստ ձևավորման երկու տիպերի: Առաջին տիպը իր մեջ ընդգրկում է 25, 50 և 100 միլիոն ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ գրեթե չեն տարբերվում նախորդ ԱՍԽՀՖՄ-ի 1923 թ. թողարկումներից:
Երկրորդ տիպը ընդգրկում է 50, 75, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները, որոնք ունեն ամբողջովին նոր տիպի ձևավորում: 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով դրամանիշը շրջանառության մեջ չի մտցվել: 
Թղթադրամներին առկա մակագրությունները կատարված են հայերեն, ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով: Նրանց սերիան բաղկացած է մեկ ռուսական տառից, իսկ համարը՝ հնգանիշ թվից, ինչպես նաև վրա զետեղված են երկու պաշտոնյաների ստորագրությունները: Թղթադրամները տպված են բարակ թղթի վրա, իսկ 25 և 75 միլիոն ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը հայտնի են նաև ջրանիշի բացակայության տարբերակներով:
Վերջիններիս անվանական արժեքները ցայտուն վկայում են այն խոշոր չափերի հասնող ռուբլու արժեքազրկման մասին, որը տեղի ուներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում և Ռուսաստանում:
Խորհրդային Միության կազմավորմամբ և վերջինիս 1924 թ. ապրիլի 15-ի դրամական բարեփոխմամբ ու պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը փոխանակելու Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով: 




ԽՍՀՄ թողարկումներ 



ԽՍՀՄ թղթադրամները և մետաղադրամները Խորհրդային Հայաստանի տարածքում շրջանառության մեջ են դրվել 1924 թվականին: Դրանց շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է հիմնականում մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը` ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Միայն 1994 թվականի մարտի 17-ից վերջնականապես ամբողջովին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս են բերվել մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը:
Մոտավորապես 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր, այդ թվում 1/2 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամից մինչև ամենամեծ անվանական արժեքի` 10000 ռուբլի թղթադրամը:




Հայաստանի Հանրապետություն 



Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։ 
Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։ 
Հայկական դրամը՝ 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 22-ին ։ 1994 թ. ներդրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները: 
Այնուհետև` 1994 թ . և 1995 թ. ներդրվել են ավելի մեծ՝ 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998-99 թթ. թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները: ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային մետաղադրամներ: 1996թ. Երևանում անցկացված Շախմատի 32-րդ օլիմպիադայի կապակցությամբ թողարկել է 100 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամ: Այն պատրաստվել է պղինձ-նիկելի համաձուլվածքից և ունի երկու որակ՝ սովորական՝ շրջանառության համար, և պրուֆ՝ հավաքորդական նպատակներով: Պրուֆ որակի մետաղադրամը թողարկվել է 2000 տպաքանակով: 



1997թ.  ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 100 դրամ անվանական արժեքով «Չարենց-100» մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից: Հոբելյանական այս մետաղադրամը նվիրված է հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին: 



1997թ.  ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 25000 դրամ անվանական արժեքով «Անահիտ» ոսկե դրամը, որը նվիրված է հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն: Մետաղադրամը թողարկվել է շրջանառության համար և պատրաստվել է դրամաշուրթի երկու տարբերակով՝ ատամնավոր և հարթ: Հարթ դրամաշուրթով «Անահիտ» ոսկե դրամը թողարկվել է 500 հատ տպաքանակով և վաճառվել է որպես հուշադրամ: 



2001 թվականի հունիսի 6-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով, նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին: 



2002 թվականի հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել 2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որն իր ձևավորմամբ կրկնում է 1999 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշներով: 



2003թ. հունվարի 1-ից շրջանառության մեջ են ներդրվել 20 դրամ անվանական արժեքով, իսկ մարտի 31-ից՝ 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները: 



2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը: 



2003թ. հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրվել 2003թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է 1999թ. նմուշի 5000 դրամանոց թղթադրամից նոր պաշտպանական հատկանիշներով: Սա հիմնականում պայմանավորված էր թղթադրամների դրամանենգության դեմ պաշտպանվածության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ: 



2003թ. նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006թ. և 2008թ. նմուշները: 



2007թ. շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով: 



2009թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: 

Անցում կատարենք Ռուսական արժույթին և ներկայացնենք 1000 և 5000 ռուբլու ստուգման ձևերը




                                                                                  Շնորհակալություն դիտման համար

Thursday, July 3, 2014

Խոսեցինք դոլարից, իսկ այժմ անդրանդառնաք Եվրոյին




                                                                                         Շնորհակալություն դիտման համար

Այժմ անդրանդառնանք հին դոլարի տեսքին, քանի որ շրջանառության մեջ բացի նորից կա նաև հինը:



                                                                                     Շնորհակալություն դիտման համար

Նոր Դոլարի տեսքը և կեղծից տարբերելու չափանիշները





                                                              Շնորհակալությունը տեսանյութը դիտելու համար



Ինչպե¨ս տարբերել կեղծ մետաղադրամը իրականից




Մի քանի քայլ, որի միջոցով պարզ կդառնա , թե արդյո¨ք Ձեզ մոտ կեղծ մետաղադրամ է, թո ոչ:
Եվ այսպես.

1-ին Չափանիշը այսպես կոչված հետևյալն է` Ընկնող մեձտաղադրամի ձայնը պետք է լինի զրնգուն, այլ ոչ թե խուլ:
2.Մետաղադրամը ընկնելուց հետո շարունակելու է պտույտներ գործել` միանգամից կանգ առնելու փոխարեն:
Նշեմ նաև, որ առավել շատ կեղծում են 500, 200 և 100 դրամանոց մետաղադրամները:

                                                                                    Շնորհակալություն նյութն ընթերցելու համար