Thursday, July 10, 2014

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ բրենդի մուտքը Հայաստան


Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ): 2008 թվականի կարևոր քայլերից էր նաև այն, որ ՆԱՍԴՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան, նպատակ ունենալով բարձրացնել հայկական ֆինանսական գործիքների գրավչությունը ներդրողների համար խստացրեց ցուցակված ընկերություններին ներկայացվող պահանջները` մասնավորապես տեղեկատվության բացահայտման բնագավառում: Այդ նույն թվականին խստացվեցին սեփական կապիտալի մեծության նկատմամբ օրենսդրական պահանջները (100 մլն ՀՀ դրամ), միաժամանակ բանկերին թույլատրվեց գործունեություն իրականացնել կորպորատիվ արժեթղթերի շուկայում: 2008 թվականից Հայաստանի ֆոնդային բորսայում փոխվել են նաև բորսայական ցուցակների կառուցվածքն ու ցուցակման պայմանները, նաև մշտական աջակցություն է ցուցաբերվում ընկերություններին ցուցակմանը առնչվող հարցերում: Այժմ բաժնետոմսերը կարող են ցուցակվել` ընդգրկելով A հիմնական կամ B երկրորդային ցուցակում կամ թույլատրվել առևտրին C ազատ շուկայում: Նույնն է սկզբունքը նաև կորպորատիվ պարտատոմսերի համար` գործում են Abondդ հիմնական և Bbond երկրորդային ցուցակները և Cbond ազատ շուկան ("C” և Cbond ազատ շուկաները հնարավորություն են ընձեռում ընկերություններին` առաջին քայլերը կատարելով կապիտալի շուկայում` աստիճանաբար համապատասխանել ցուցակման ավելի բարձր չափանիշներին): 2008թ.-ին առանձնակի կարևորություն է տրվել նաև շահառուների բոլոր խմբերի հետ կայուն և արդյունավետ երկկողմանի հաղորդակցության համակարգի ներդրման խնդրին: Իբրև այդ ուղղությամբ քայլերից մեկը ստեղծվեց Բորսայի անդամների ֆորումը: Ֆորումի ամենամսյա հանդիպումների ժամանակ բորսայի անդամ ներդրումային ընկերություններին ու բանկերին հնարավորություն է ընձեռվում համատեղ քննարկել մասնագիտական գործունեության ընթացքում ծագող հարցերն ու մտահոգությունները: Ընդլայնվել են կապերը զանգվածային լրատվության միջոցների հետ, որոնց բորսան այժմ պարբերաբար տեղեկացնում է կապիտալի շուկայի զարգացումների և բորսայական հարթակում տեղի ունեցող առևտրային գործունեության նորությունների և արդյունքների մասին: 2008թ.-ի տարևերջի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն համագործակցում էր հանրապետությունում գործող տնտեսական լրատվության բոլոր գործակալությունների, մոտ 10 հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչների հետ: Համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Bloomberg-ի հետ, և ներկայումս գործակալության միջազգային տեղեկատվական համակարգում արդեն իսկ զետեղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալները: Բորսայի երկարաժամկետ պլաններում է նաև Հայաստանում հատուկ բիզնես հեռուստաալիքի հիմնադրմանն ուղղված ջանքերին աջակցությունը (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ում գործող CNB C-ն կամ ռուսական РБК ալիքը): 

No comments:

Post a Comment